Սոբչակի մերձմոսկովյան տանը նրա կոմերցիոն տնօրենի գործով խուզարկություն է կատարվում
Մերձմոսկվայում, Քսենյա Սոբչակի քաղաքամերձ տանը, նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի գործի շրջանակում, խուզարկություն է կատարվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի տեղեկացրել են իրավապահ մարմիններում։
«Սոբչակի տանը խուզարկություն է կատարվում դրամաշորթության գործով, որի շրջանակում կալանավորվել է նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը։ Սոբչակն ինքը ոչ մի պրոցեսուալ կարգավիճակ չունի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Իրավապահ մարմիններում տեղեկացրել են նաեւ, որ չորեքշաբթի օրը ՆԳՆ Մոսկվայի ԳՎ Գլխավոր քննչական վարչության քննիչը դիմելու է Մոսկվայի Տվերյան դատարան՝ Սուխանովի խափանման միջոցի ընտրության մասին միջնորդությամբ։
Նախօրեին քրեական գործի շրջանակում նա բերվել է Գլխավոր քննչական վարչություն՝ քննչական գործողությունների իրականացման համար։ Սոբչակը հաստատել է իր կոմերցիոն տնօրենի կալանավորման փաստը դրամաշորթության գործով։ «Մեր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը կալանավորված է։ Ասում են՝ դրամաշորթության համար»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Չորեքշաբթի առավոտյան Սոբչակի տան խուզարկության մասին տեղեկացրել է «112» Թելեգրամ-ալիքը։