«Թովմասյան» հիմնադրամի միջոցներով Մ.Խորենացու անվան հ.143 դպրոցում բացվել է գերժամանակակից ինժեներական լաբորատորիա
Ս.թ. հունիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի կազմակերպմամբ Dvin Music Hall-ում ներկայացվեց «Երազանքների պահապանները» մյուզիքլը, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ եկամուտը՝ 5,465,280 դրամ ուղղվեց հիմնադրամին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը խոստացել էր, որ գոյացած միջոցներով պետք է Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվեր ինժեներական լաբորատորիա, որը նախատեսված կլիներ ինչպես այդ դպրոցի, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանի մյուս դպրոցահասակ երեխաների համար:
Այսօր արդեն խոստումն իրականություն է դարձել. դպրոցում բացվեց անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով հագեցած դասասենյակ։ Աշակերտներն այս լաբորատորիայում կսովորեն ծրագրավորում, անիմացիա, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և կաշխատեն անօդաչու թռչող սարքերի և կառավարման համակարգերի հետ։
Հանդիսավոր բացմանը դպրոցականները հետաքրքիր և տարբերվող ֆլեշմոբերով, երգ ու պարով դիմավորեցին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին, ով, ողջունելով դպրոցականներին, իր խոսքում նշեց. «Աշխարհում գիտությունը զարգանում է խելահեղ տեմպերով, ամեն օր մարդկությունը նոր քայլ է անում կյանքն ավելի զարգացած տեխնոլոգիաներով հարմար դարձնելու համար: Եվ մենք պարտավոր ենք մեր երեխաներին տալ անհրաժեշտ ամեն բան՝ կյանքին ու աշխարհին համընթաց քայլելու համար: Դպրոցը, դպրոցի տված գիտելիքը շատ կարևոր է երեխայի հետագա ճակատագրի համար, որն ուղիղ պրոյեկտվում է պետության և աշխարհի վրա: Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը գիտությունն է և նմանատիպ լաբորատորիա բացելով հնարավորություն ենք տալիս երեխաներին փոքր տարիքից ծանոթ լինել տեխնոլոգիաներին, համապատասխան մտածողություն ձևավորել և առաջ շարժվել:
Սա համագործակցության մի ձևաչափ է, որը քանիցս ապացուցում է մեր հիմնադրամի որդեգրած կարգախոսը՝ «Միասին մենք կարող ենք»։
Մենք ապացուցեցինք, որ հարյուրավոր երեխաներ, համախմբելով մեկ գաղափարի շուրջ, կարող են բարի գործ անել մյուսների համար» :
Կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
«Թովմասյան» հիմնադրամը շնորհակակություն է հայտնում գլխավոր գործընկերներ Dvin Music Hall-ին և «Երազանքների պահապանները» մյուզիքլի հեղինակ և ռեժիսոր Դինա Ավետիսյանին, մյուս գործընկերին՝ Toms.am, Coca Cola, Queen Cake, Pink Berry, Mega Toys, բոլոր այն ընկերություններին, որոնք աջակցեցին ծրագրին և, իհարկե, մեր սիրելի հանդիսատեսին: