ՀԱՊԿ-ի անդամ երկրի ոչ մի բանակ չի գալու մեր սահմանները պաշտպանի. Սեյրան Օհանյան
Մենք չենք կարող մեր աշխարհագրությունից պոկվել, գնալ այլ վայր ապրելու. ՀՀ-ն գտնվում է Արեւելքի եւ Արեւմուտքի շհերի կենտրոնում, ՀՀ-ն երկար ռազմավարական ու պատմական գործունեություն է ծավալել Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի կազմում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նախկին իշխանությունը կանգնած լինելով ՀԱՊԿ-ի կազմավորման հիմքերում, բավականին լուրջ աշխատանք է տարել ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Ես կարծում եմ, որ ոչ Արեւելքը, ոչ Արեւմուտքը, ոչ ՌԴ-ն մեր թշնամիները չեն, պարզապես իշխանությունները չպետք է մեր երկիրը գցեն բախումների, շահերի կիզակետը: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, նշանակում է ՀԱՊԿ-ի շրջանակներում էլ պետք է մեր գործունեությունը ծավալենք»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով, սակայն որեւէ էական արձագանք չի ստացել, Սեյրան Օհանյանն ասաց. «ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու մեզ համար խրամատ փորի, ՀԱՊԿ-ի անդամ երկրի ոչ մի բանակ չի գալու մեր սահմանները պաշտպանի»:
Նա չպատասխանեց հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան ներքին խնդիրների կարգավորման նպատակով, իսկ այս դեպքում հարձակում էր եղել Հայաստանի վրա, իսկ ՀԱՊԿ-ը չարձագանքեց: