Իրանի ԶՈՒ ԳՇ պետը ծաղրել է ԵՄ-ին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ծաղրել է ԵՄ նոր պատժամիջոցները՝ ասելով, որ ձմռան մոտենալուն պես նրանց թույլատրվում է բռնագրավել իր ողջ ունեցվածքը՝ եվրոպացի քաղաքացիների համար ածուխ գնելու համար, գրում է Iran.ru-ն:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների՝ կապված Ուկրաինայի պատերազմին իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ տեղակայման հետ։
«Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նման սխալ թույլ տվեց՝ իմ անունը ներառելով իրենց պատժամիջոցների ցուցակում»,- ասել է գեներալ Բաղերին։ Նա ասել է, որ ամերիկացիների և Եվրամիության զայրույթը հասկանալի է։
«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներառվել են պատժամիջոցների ցանկում, սակայն մեր զինված ուժերը սպառնալիքները վերածել են հնարավորությունների»,- ասել է Բաղերին։
«Ժամանակին նրանք հրաժարվեցին իրանական ուժերին փշալարեր վաճառել, այսօր հերթ են կանգնել իրանական հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր գնելու համար»,- ասել է նա։
«Ես մարդասիրական առաջարկ ունեմ Եվրամիությանը: Ես նրանց թույլ եմ տալիս բռնագրավել գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ողջ ունեցվածքն ու ակտիվները աշխարհի բոլոր բանկային հաշիվներից և օգտագործել դրանք եվրոպացի քաղաքացիների համար ածուխ գնելու համար: Առջևում դժվար ձմեռ է»,-հեգնանքով ասել է Բաղերին։