Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություն կա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություն կա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Կա խաղաղության հեռանկար, եւ ինչ-որ պահի այն կհայտնվի», - ասել է Մակրոնը՝ Հռոմում կայացած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղիների որոնմանը։
«Եվ հստակ պահի, հաշվի առնելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, եւ երբ ուկրաինացի ժողովուրդն ու նրա առաջնորդները որոշեն պայմանները, հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր կառուցել մյուս կողմի հետ»,- հավելել է Մակրոնը։
Պատերազմի սկզբից ի վեր Ֆրանսիան բազմիցս ընդգծել է Մոսկվայի հետ արեւմտյան դիվանագիտական ուղիները բաց պահելու կարեւորությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ու Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ։