Իսրայելի կառավարությունը միլիոնավոր դոլարներ կտրամադրի Էյնշտեյնին նվիրված թանգարանի կառուցման համար
Իսրայելի կառավարությունը որոշել է միլիոնավոր դոլարներ հատկացնել թանգարանին, որտեղ կտեղակայվի Ալբերտ Էյնշտեյնի փաստաթղթերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, հայտնել են Եբրայական համալսարանից։
Այն կկառուցվի Երուսաղեմի Givat Ram կամպուսում, որի համար կառավարությունը կտրամադրի մոտ 6 միլիոն դոլար, եւ եւս 12 միլիոն դոլար՝ համալսարանը:
Էյնշտեյնը՝ Եբրայական համալսարանի հիմնադիր հայրերից մեկը, եղել է հաստատության ոչ ռեզիդենտ կառավարիչը։
Բոլոր ժամանակների մեծագույն տեսական ֆիզիկոսներից մեկը, մահացել է 1955 թվականին՝ 76 տարեկանում։ Նա իր արխիվները կտակել է համալսարանին. համադրող Ռոնի Գրոսն ասել է, որ 85 հազար իրերը այն դարձնում են Էյնշտեյնի թղթերի ամենամեծ հավաքածուն աշխարհում:
Թանգարանում կտեղակայվի Էյնշտեյնի ամբողջ արխիվը եւ կծառայի որպես «նորարարական տարածք գիտության եւ տեխնոլոգիաների կրթության համար», ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ:
«Նորագույն ցուցահանդեսային տեխնոլոգիաների, գիտական ցուցադրությունների եւ բնօրինակ փաստաթղթերի միջոցով թանգարանը կներկայացնի Էյնշտեյնի ներդրումը գիտության մեջ, նրա հայտնագործությունների ազդեցությունը մեր այսօրվա կյանքի վրա, նրա սոցիալական գործունեությունն ու մասնակցությունը նրա կյանքի կարեւոր պատմական պահերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հեղաշրջում է կատարել այս ոլորտում՝ առաջարկելով տարածության եւ ժամանակի մեջ առարկաների շարժը դիտարկելու նոր ուղիներ: Նա նաեւ մեծ ներդրում է ունեցել քվանտային մեխանիկայի տեսության մեջ եւ 1921 թվականին արժանացել Նոբելյան մրցանակ՝ ֆիզիկայի բնագավառում ծավալած գործունեության համար։