Եվրոպան բախվում է ցավալի «արդյունաբերական ռացիոնալացմանը». Shell-ի ղեկավար
Shell-ի գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը զգուշացրել է Եվրոպային սպառնում է ցավալի «արդյունաբերության ռացիոնալացում», ինչը պայմանավորված է էներգետիկ ճգնաժամով, որը հղի է քաղաքական խնդիրներով, հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
Ընկերությունը համաձայնության է եկել Qatar Energy North Field South նախագծի բաժնետոմսերի 9,3%-ի ձեռքբերման հարցում, որը մեծ դեր կխաղա՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում բնական հեղուկ գազի (LNG) արդյունահանումը 50%-ով ավելացնելու համար Պարսից ծոցի պետության ներդրած ջանքերում:
Դոհայում համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ վան Բերդենն ասել է, որ եվրոպական արդյունաբերությունը մեծ հարված է ստացել ուկրաինական պատերազմի արդյունքում սրված էներգետիկ ճգնաժամից: Ըստ վան Բերդենի՝ Եվրոպան, տարեկան 120 միլիոն տոննա ռուսական գազ կորցնելուց հետո, «բավականին արդյունավետ եւ զգալիորեն» կրճատել է սպառումը, սակայն «այդ կրճատման մեծ մասը արդյունաբերության դադարեցման հետեւանք է»։ Եվրոպան հուսահատորեն փնտրում է ռուսական գազին այլընտրանքներ, սակայն, վան Բերդենի կարծիքով, Եվրոպան գալիք տասնամյակների ընթացքում մեծ քանակությամբ բնական հեղուկ գազի կարիք կունենան:
Shell-ի ղեկավարը, ով տարեվերջին կհեռանա պաշտոնից, ասել է, որ արդյունաբերական կրճատումները կարող են հանգեցնել որոշակի «երիտասարդացման», սակայն նաեւ ռիսկեր կարող են առաջացնել:
«Կարծում եմ, որ դա մեծ ճնշում կգործադրի եվրոպական տնտեսության վրա եւ, հնարավոր է, նաեւ մեծ ճնշում կգործադրի Եվրոպայի քաղաքական համակարգի վրա», - նշել է նա:
Բրիտանական Shell ընկերությունը դարձել է երկրորդ եվրոպական ընկերությունը՝ ֆրանսիական TotalEnergies-ից հետո, որը մասնաբաժին ունի North Field South-ում:
Ծրագրի 25 տոկոսը վերապահված է միջազգային էներգետիկ հսկաներին:
Հյուսիսային դաշտի ընդլայնումը կոչված է 50 տոկոսով ավելացնելու Կատարի բնական հեղուկ գազի արդյունահանումը մինչեւ 2027 թվականը՝ հասցնելով տարեկան մոտ 127 միլիոն տոննայի:
Այս տարվա սկզբին Shell-ը եւ TotalEnergies-ը ձեռք են բերել բաժնետոմսեր North Field East գոտում:
«Աշխարհաքաղաքական վերջին ցնցումների լույսի ներքո բնական գազը գնալով ավելի կարեւոր է դառնում», - ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Շերիդա Ալ-Քաաբին՝ ողջունելով Shell-ի հետ գործարքը: