Այսօր իր 94-րդ տարեդարձն է նշում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը
Խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ ՀԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը դարձավ 94 տարեկան:
Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1934-ից 1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, ապա մինչեւ 1947 թվականները՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում:
1951-ից 1953 թվականներին սովորել է Փարիզի Ecole normale de Musique կոնսերվատորիայում՝ աշակերտելով Ժոն Ֆուրնեին, ինչպես նաեւ՝ Քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։
Եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն ու Օպերայի երաժշտական ղեկավարը:
1961 թվականից ապրում է Հայաստանում՝ ստանձնելով ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, հեղինակել է երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում եւ «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները:
Դասախոսել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ առ այսօր դասավանդում է Երեւանի Կոմիտասնի անվան պետական կոնսերվատորիայում: