ՍԱ գահաժառանգը չի մասնակցի Արաբական Լիգայի գագաթաժողովին՝ առողջական խնդիրների պատճառով
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանը չի մասնակցի Ալժիրում կայանալիք Արաբական լիգայի գագաթաժողովին, քանի որ բժիշկները նրան խորհուրդ են տվել չճանապարհորդել, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Ալժիրի նախագահ Աբդելմաժիդ Տեբբունն արքայազն Մուհամմադի հետ հեռախոսազրույցի մասին մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ վերջինս «ներողություն է խնդրել, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 1-ին Ալժիրում կայանալիք գագաթաժողովին՝ համաձայն չճանապարհորդելու վերաբերյալ բժիշկների հորդորի»:
Նախագահը հավելել է, որ հասկանում է իրավիճակը եւ ափսոսում է խոչընդոտների համար՝ մաղթելով առողջություն եւ բարեկեցություն:
Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության՝ Ալժիրի նախագահի եւ արքայազնի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի հիմքում եղել են երկու եղբայրական պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների ասպեկտներն եւ հնարավոր համատեղ համագործակցությունը: