Տղամարդն իր այգում պատահաբար 30 տարի առաջ թաղված մեքենա է հայտնաբերել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Աթերթոն քաղաքի մասնավոր տան տարածքում գտնվող այգում լանդշաֆտային դիզայներներն աշխատելիս պատահաբար 30 տարի առաջ թաղված մեքենա են հայտնաբերել, հայտնում է The Mirror-ը։
Տան սեփականատերը որոշել է իր բակում կանաչապատման աշխատանքներ անցկացնել։ Տղամարդը ցնցվել է, երբ հայտնաբերել է, որ բակում ամբողջական մեքենա է թաղված։
Հայտնաբերման վայր են ժամանել ոստիկանները՝ որոնողական շներով, քանի որ, ենթադրաբար, մեքենան հանցագործության կատարման ընթացքում կարող էր թաղվել։ Շները նշել են մարդկային մնացորդների հնարավոր առկայությունը, թեեւ որոնողական աշխատանքների ընթացքում մնացորդներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության տվյալներով՝ մեքենան թաղված է եղել 1990-ականներին՝ մեկուկես մետր խորությամբ, եւ կարող էր պատկանել տան նախկին տիրոջը։ Ներկայիս սեփականատերն ավելի ուշ է տեղափոխվել այս շենք: Մեքենայի տիրոջ անունը, հետաքննության շահերից ելնելով, չի բացահայտվել։ Ոստիկանությունը գտածոյի մասին ծանուցել է քրեական լաբորատորիայի աշխատակիցներին եւ տեխնիկներ է ուղարկել, որոնք օգնել են պեղումներ կատարել։
Տեղի բնակիչները պատմել են, որ իրենց քաղաքը միշտ համարվել է խաղաղ եւ հանգիստ։ «Այս ամենը շատ տարօրինակ է, բայց տեղի ունեցողին հետեւելը հետաքրքիր է: Ուզում եմ իմանալ, թե ինչով կավարտվի այդ ամենը»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։