Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում․ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում։ Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը չեմպիոնական տիտղոս է նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիան։
«Հայ մարզուհիներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնում Անի Հովսեփյանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ գրագետ մենամարտեր անցկացրած հայ մարզուհին փայլեց նաև եզրափակիչում։ Մեր մարզիկի մրցակիցը բռնցքամարտում առաջատար դպրոցների թվին դասվող իռլանդական դպրոցի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդն էր։ Հենց առաջին իսկ ռաունդից Անին հաստատեց, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է ու ռաունդը շահեց 5։0 հաշվով։
Երկրորդ ռաունդում մրցակիցը փոխեց մարտավարությունը, բայց Անին դրան էլ էր պատրաստ ու 3։2։ Վերջին ռաունդում հայ մարզուհին գործեց արդեն հաղթողի դիրքից ու մրցակցին լիովին թելադրեց իր կամքը։ Արդյունքում վստահ հաղթանակ 4:1 հաշվով և Անի Հովսեփյանը բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունների առաջին հայ չեմպիոնուհին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։