Ուկրաինայում արգելվել է 12 «ռուսամետ կուսակցությունների» գործունեությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում 12 «ռուսամետ կուսակցությունների» գործունեության արգելքի մասին:
«Ուկրաինայի անվտանգության ծառայության նախաձեռնությամբ Ուկրաինայում վերջնականապես արգելվել է 12 ռուսամետ կուսակցությունների գործունեությունը»,- տեղեկացրել են գերատեսչությունից:
Արգելված կազմակերպությունների ցուցակում է Սոցիալիստական կուսակցությունը, որի գործունեությունն արգելելու մասին որոշումը ընդունվել է նախագահի հրամանագրի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա, իսկ օրերս Վճռաբեկ դատարանը մերժել է կուսակցության բողոքը՝ այդպիսով վերջնականապես արգելելով վերջինիս գործունեությունը երկրում:
Արգելվել են նաև «Ընդդիմադիր դաշինք», «Սոցիալիստներ», «Արդարություն և զարգացում» կուսակցություն, «Մերոնք», «Պետություն», «Վլադիմիր Սալդոյի դաշինքը», «Ձախ ընդդիմություն», «Շարիի կուսակցություն», «Ձախ ուժերի միություն», «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» և «Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակցություն» կազմակերպությունների գործունեությունը: