Գերմանիայի ԱԳ և պաշտպանության նախարարները պահանջում են Կիևին 2,2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել
Գերմանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Աննալենա Բուրբոքը և Քրիստին Լամբրեխտը պահանջում են հաջորդ տարի Կիևին զենք մատակարարելու համար հատկացնել 2.2 միլիարդ եվրո գումար, հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով նամակը, որը նրանք ուղարկել են Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։
2023 թվականի բյուջեն նախատեսում է գրեթե 700 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Կիևին։ Աննալենա Բուրբոքը և Քրիստին Լամբրեխտը պահանջում են այն հասցնել մինչև 2,2 միլիարդ եվրոյի: «Միայն նման բյուջեով Գերմանիան կկարողանա կոնկրետ և հստակ ցույց տալ, որ իր վրա է վերցնում այն պատասխանատվությունը, որն իրենից ակնկալում են միջազգային գործընկերները»,- գրում են նրանք:
Ըստ հրատարակության՝ երկու նախարարներն էլ նամակի սկզբում քննադատում են այն փաստը, որ մինչ այժմ Կիևին զենք մատակարարելու համար հատկացվել է ընդամենը 697 միլիոն եվրո։ Մասնավորապես, Բուրբոքը և Լամբրեխտը ցանկանում են, որ Լինդները նոյեմբերի կեսերին բյուջեի վերջնական տարբերակի ընդունման ժամանակ զգալիորեն մեծացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Նրանց կարծիքով, սրանից է կախված նաև Բեռլինի միջազգային հեղինակությունը։