«Ժողովուրդ». Պաշտոնական կեղծիք կենսագրականում. ինչպես ԿԸՀ նախագահն իրավաբան դարձավ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի նրա ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել:
Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որեւէ տեղեկություն: Այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին: Այս խորհրդավորությունը «Ժողովուրդ» օրաթերթի մոտ հարցեր է առաջացրել, եւ մենք զրուցեցինք Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի հետ:
– Պարո՛ն ռեկտոր, ո՞ր թվականին է ընդունվել Վահագն Հովակիմյանը Ձեր ղեկավարած բուհ:
– Եթե չեմ սխալվում, 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել:
– Ավարտե՞լ է բակալավրի աստիճանով:
– Նա տեղափոխվել է ԵՊՀ-ից:
– Իսկ առկա՞ է սովորել, թե՞ հեռակա:
– Հեռակա:
– Հաճախե՞լ է դասերին:
– Այս պահին չեմ կարող պատասխանել:
Ի՞նչ է ստացվում. եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նախորդ կենսագրությունների մեջ որեւէ բուհ ընդունվեու մասին որեւէ տեղեկություն առկա չէ: Ընդգծենք նաեւ՝ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:
«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, դիմեց Վահագն Հովակիմյանի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանին՝ հարցնելով, թե որ թվականին է ընդունվել, ինչպես է ավարտել Իրավաբանության ֆակուլտետը, ամենակարևորը՝ ինչու նախորդ կենսագրությունների մեջ երբեւէ նշված չի եղել, որ նա սովորում է: Խոսնակը պատասխանել է. «Վահագն Հովակիմյանը 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսումնառությունը կիսատ է մնացել վերջին կիսամյակի վարձավճարի պատճառով: Հետագայում՝ 2018 թվականին, ԵՊՀ-ից ակադեմիական թերթիկ է վերցրել, որտեղ արտացոլված են եղել իր առաջադիմության տվյալները, եւ ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։ Հաշվի առնելով կիսատ մնացած ուսումնառությունը՝ տեղափոխվել է երրորդ կուրս: Ուսումնառությունն ավարտել է 2021-ին»:
Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը համապատասխանում Մովսես Խորենացու համալսարանում իրավագիտության ֆակուլտետին՝ իբրև մասնագիտության, որտեղ էլ ավարտելով՝ պատգամավորը ստացել է իրավաբանի որակավորում:
Եթե նա չի ավարտել ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, ինչո՞ւ է իր պաշտոնական կենսագրության մեջ նշել այդ մասնագիտության մասին՝ ֆիքսելով, որ 1996-2000թթ ավարտել է ԵՊՀ-ն: Սա պաշտոնեական կեղծիք է: Ամեն դեպքում, խիստ կասկածահարույց է Վահագն Հովակիմյանի իրավագիտական կրթությունը, ստացած իրավաբանի դիպլոմի ձեռք բերման գործընթացը, որով պետք է զբաղվի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Մեզ մոտ տպավորություն է, որ ձեւական դիպլոմ է ձեռք բերել իշխանական պատգամավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում