Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտվի «պատմական հնարավորությունից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը քննարկել է այդ հարցերը, գրում է Anadolu գործակալությունը:
«Հարավային Կովկասի մեր ընդհանուր տեսլականը հիմնված է խաղաղության, կայունության և զարգացման վրա։ Սահմանների սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը և (Հայաստանի հետ) խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել, և դրա համար պետք էր մեծ գին վճարել»,- ասել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտվի այս «պատմական հնարավորությունից» (չակերտները՝ Tert.am)։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը, անկասկած, դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։