Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված խաչերը, խաչքարերը և նոր կառույցներն ապամոնտաժվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի տեղադրված նոր խաչերը, խաչքարերը և նոր կառուցված շինությունները։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում են նոր խաչքարեր, մետաղական խաչեր կամ նոր կառույցներ, որոնք ոչ միայն խաթարում են հուշարձանի պատմական միջավայրն ու տեսքը, այլև մեծ վնաս են հասցնում հուշարձաններին։
Կարևորելով խնդրի կարգավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ապօրինի շինությունների հեռացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացնում` դրանցում ներգրավելով նաև ապօրինի շինություններ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հուշարձանների սեփականատերերին կամ օգտագործողներին։
Ընթացիկ տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ և մասնակցությամբ հեռացվել են ՀՀ Արարատի մարզի Աղջոց և Հավուց թառ («Խոսրովի անտառ պետական արգելոց»), Կոտայքի մարզի Թեղենյաց, Տավուշի մարզի Խորանաշատ վանական համալիրների տարածքների մետաղական խաչերն ու խաչքարերը, Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի տարածքում կառուցված կաթսայատունը և այլն։
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ «Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Վերջիններիս ներկայացվում է օրենսդրության պահանջը՝ առաջարկելով անվնաս հեռացնել նոր տեղադրված օբյեկտները կամ տեղափոխել այլ վայր։ Հուշարձանների տարածքներում և դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։
ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության համար պատասխանատու է ոչ միայն լիազոր մարմինը, այլև հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը։ Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում ցանկացած ապօրինի աշխատանք կամ գործողություն, որը վնասում է հուշարձանը կամ խաթարում է վերջինիս պատմականորեն ձևավորված տեսքը, օրենքի խախտման ու վանդալիզմի դրսևորում է հուշարձանի նկատմամբ, որը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում և հորդորում՝ ձեռնպահ մնալ հուշարձանների տարածքներում կամ դրանց պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ կատարելուց (նոր խաչքարերի, խաչերի, նորակառույց շինությունների տեղադրում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում, գանձագողություն), իսկ նման օրինախախտումներ նկատելու դեպքում՝ ահազանգել լիազոր մարմնին։
Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։