Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ 10 տարիներին երկրի դիվանագիտական ձեռքբերումները
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախորդ 10 տարիների ընթացքում հետևողականորեն խորացրել է համագործակցությունը ինչպես հարևան, այնպես էլ զարգացող երկրների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Կոմունիստական կուսակցության անդամ, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Չժաոսյուն:
Վերջինս փաստեց նաև, որ նախորդ 10 տարիների ընթացքում այն պետությունների թիվը, որոնց հետ Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 172-ից հասել է 181-ի:
Մինչ օրս Չինաստանը գործընկերային հարաբերություններ է հաստատել ընդհանուր առմամբ 113 երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։ Չժաոսյուն բարձր գնահատեց վերջին տասնամյակում երկրի կատարած դիվանագիտական աշխատանքը։
«Չինաստանը վերջին տարիներին բարեփոխումների և քաղաքակրթական ձգտումներով առաջարկել է հաստատել գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, նոր դարաշրջան է սկսել ռուս-չինական փոխհարաբերություններում և չին-ամերիկյան հարաբերությունների համար առաջ է քաշել երեք սկզբունք` փոխադարձ հարգանք, խաղաղ գոյակցություն և փոխադարձ շահեկան հարաբերություններ»,-ասաց Չժաոսյուն:
Նրա խոսքով ՝ Չինաստանը նաև ամրապնդել է ռազմավարական աջակցությունը հարևան պետություններին, ինչպես նաեւ ավելի է ամրապնդել համագործակցությունը զարգացող այլ երկրների հետ:
Անդրադառնալով G-20-ի՝ նոյեմբերին նախատեսված հանդիպմանը՝ նախարարի տեղակալը մասնավորապես ասաց. «Մենք ակնկալում ենք, որ գագաթնաժողովը կուժեղացնի միջազգային համագործակցությունը համավարակի դեմ պայքարում, կնպաստի համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև դրական և կառուցողական դեր կխաղա գլոբալ պարենային և էներգետիկ անվտանգության պահպանման գործում»:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից: