Մի խումբ ռուսաստանցի երեխաների Սիրիայից վերադարձրել են հայրենիք
Սիրիայից Ռուսաստան են վերադարձվել 4-ից մինչեւ 14 տարեկան մի խումբ ռուսաստանցի երեխաներ. նրանց տեղափոխող ինքնաթիռը ժամանել Է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայան: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ում երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ երեխաներին, որոնց ուղեկցել Է Լվովա-Բելովան, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով լույս հոկտեմբերի 21-ի գիշերը տեղափոխել են Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայան: Ռուսաստան Է վերադարձել 38 երեխա, որոնց թվում՝ 15 աղջիկ եւ 23 տղա: Օդանավակայանից նրանց տեղափոխել են դաշնային բժշկական կենտրոններից մեկը, որտեղից, լրիվ հետազոտությունից հետո, նրանց կհանձնեն ազգականներին:
Բացի այդ, երեխայի իրավունքների հարցերով լիազորի աշխատակազմի մասնագետները կօգնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելու գործում, իսկ մանկական օմբուդսմենները տեղերում այդ երեխաներին ու նրանց ընտանիքներին աջակցություն կցուցաբերեն, ասվում Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ ռազմական հակամարտությունների գոտիներից ռուսաստանցի երեխաների վերադարձի աշխատանքն սկսվել Է 2018 թվականին: Այդ ժամանակաընթացքում Սիրիայից եւ Իրաքից հայրենադարձվել Է 382 երեխա (Իրաքից՝ 124, Սիրիայից՝ 258), նրանք բոլորը գտնվում են ազգականների ընտանիքներում եւ ապրում են Ռուսաստանի ավելի քան 20 տարածաշրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: