Մնացական Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես եկել հրում վարժությունում և գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը՝ նաև փոքր արծաթե մեդալ նվաճել։
«Մ23 տարեկանների պայքարում երեկ Արմեն Գրիգորյանը երկամարտի 306 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 73 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունն ավարտել է 140 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ ծանրաձողը։
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։
Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը հաղթողի կոչումը նվաճել էր երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ էր նվաճել պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով: