Գեղարքունիքի մարզպետը դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները Սոթքի ֆերմերային տնտեսություններից մեկում
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները Սոթք համայնքի ֆերմերային տնտեսություններից մեկում։
«Տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ և բանվորական ուժ, և խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաև եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կավարտվեն առաջիկա երկու շաբաթի ընթացքում։
Տնտեսության ղեկավարը միաժամանակ ներկայացրեց կարտոֆիլի պահեստներում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խափանված էներգամատակարարման վերականգնման հետ կապված խնդիրը և աջակցություն խնդրեց աշնանացանի համար սերմացուների ձեռքբերման ու մի շարք այլ հարցերում։
Ադրբեջանական ագրեսիան շատ կողմերով խաթարեց մեր կենսագործունեությունը նաև գյուղատնտեսության ոլորտում։ Կիսատ մնացին ոռոգման աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, թշնամական սպառնալիքի պատճառով, որոշակիորեն ձգձգվեցին նաև բերքահավաքի աշխատանքները։
Հիմա գոհացուցիչ է, որ բերքահավաքն ընթանում է, որ բավարար տեխնիկա և մարդուժ է ներգրավված բերքահավաքի աշխատանքներում։
Մեր հնարավորության սահմաններում կփորձենք օգնել ու աջակցել տնտեսություններին, որպեսզի բերքը հավաքվի անկորուստ ու ժամանակին, որպեսզի աշնանացանը հնարավորինս շատ տարածքներում կատարվի, և որ այս ծանր վիճակը մեր սահմանամերձ համայնքների տնտեսությունները հաղթահարել կարողանան նվազագույն վնասներով»,- Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը: