Ադրբեջանի հետ սահմանին Իրանի լայնածավալ զորավարժությունները՝ Tasnim-ի ֆոտոշարքում
Իրանական Tasnim գործակալությունը ծավալուն ֆոտոշարքով ներկայացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ արդեն չորրորդ օրն Ադրբեջանի հետ սահմանային շրջանում շարունակվող լայնածավալ զորավարժությունները:
Դրանց ընթացքում մասնակիցները գրավել են նաև պայմանական հակառակորդի կողմից վերահսկվող երթուղիներն ու բարձունքները։ Երկուշաբթի մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերն առաջին անգամ փորձարկել են գետերի վրա պոնտոնային կամուրջների տեղադրումը զորքերի և մեքենաների տեղաշարժի համար:
Զորավարժությունների ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հիշեցրել է հարևան պետություններին, որ Իրանը հավատարիմ է մնում բարեկամության և եղբայրության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիների կողմից իր դեմ դավադրություն չկա:
«Մեզ հետ ճիշտ փոխգործակցող ցանկացած երկրի և ուժի հետ մենք եղբայր ենք։ Կոչ ենք անում մեր հարևաններին լուծել իրենց խնդիրները փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով։ Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի, եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա և կպաշտպանենք մեր շահերը»,- ասել է գեներալը։