Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան
Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ են նկատվում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող ներմուծման տուրքը իջեցվել է: Հույս ունենք, որ սրանով խնդիրը կլուծվի: Սա մի կողմից լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալի շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»,-նշեց վարչապետը՝ հորդորելով, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուշադիր լինի գերշահույթ ստանալու ախորժակները որոշակիորեն զսպելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ դեֆիցիտ կա ոչ միայն շինանյութի հետ կապված, այլև շինարարական ընկերությունների և աշխատակիցների: «Մենք անընդհատ փորձում ենք լավարկել գնումների ոլորտը»,-հավելեց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում գործազրկությունը չի վերացել՝ հույս հայտնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ կլինի, որպեսզի պոտենցիալ աշխատանք փնտրողներին կապի պոտենցիալ գործատուների հետ: