«Այստեղ վրեժի հարց չկա». Ավանեսյանը՝ ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու իր նախաձեռնության մասին
Աշխատանք էր ընթանում, որպեսզի ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի կազմը որոշվի, առաջիկայում ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նաեւ ունենալու ենք աշխատանքային քննարկում աշխատակազմի ղեկավարի հետ՝ հասկանալու, թե ինչ ընթացքում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիր երեք կին պատգամավորներ ներխուժել էին իր աշխատասենյակ, հայտարարություններ արել եւ զհված զինծառայողների նկարները նետել հատակին:
«Ես ինչպես ասել եմ, հետեւողականորեն հսկելու եմ, որպեսզի ներկայացված դիմումն ի վերջո քննվի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք դա ձեր դեմ հերթական ալիքը չի բարձրացնի, արդյոք ձեր շահերից է բխում հետեւողականորեն փորձել վրեժ լուծել պատգամավորներից, նախարարը պատասխանեց. «Ամենեւին վրեժի մասին խոսք չկա: Եթե մարդը դիմում ու հայտ է ներկայացնում, պետք է հետեւողականորեն դրան հսկի: Ես կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»:
Դիտարկմանը, թե զոհվածների աճյունները գետնին թափված լինելու համար արդյոք մարդիկ չպետք է խատասխանատվության ենթարկվեն, Ավանեսյանն ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ չպետք է ենթարկվեն: Դրա շրջանակներում հարուցվեց քրեական գործ, դա ընթացքի մեջ է, թե ավարտվել է, չեմ կարող ասել: Քաղաքական պատասխանատվությունը այդ աշխատակիցների հեռացումն էր աշխատանքից»:
Ավելի վաղ հայտնել էր, որ այս տարվա հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներխուժել են Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։
Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների պահանջներին, անցնել են անվտանգության երկաթե ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, թե ցանկանում են հանդիպել նախարարի հետ: Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանխել նրանց գործողությունները, վերջիններս ասել են, թե ԱԺ պատգամավորներ են, և ոստիկանները իրավունք չունեն իրենց ձեռք տալու: Հասնելով նախարարի ընդունարան՝ աշխատակիցները նրանց տեղեկացրել են, որ նախարարը նիստ է անցկացնում, սակայն պատգամավորները ներխուժել են նիստերի սրահ:
Տեսնելով Անահիտ Ավանեսյանին՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նախ գրպանից հանել է զոհված զինծառայողների լուսանկարները և դրանք նետել նախարարի ուղղությամբ: Այնուհետև վերջիններս սկսել են վիրավորել Ավանեսյանին և մեղադրել ոստիկաններին պաշտպանելու համար:
Ավանեսյանը որեւէ կերպ չի արձագանքել, սակայն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»: