Բեռլուսկոնին հայտարարել է, որ Զելենսկին Պուտինին մղեց անվերջ պատերազմի
Իտալիայի նախկին վարչապետ, այժմ պատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին մղեց անվերջ պատերազմի, ասվում է ձայնագրության մեջ, որը ձեռք է բերել իտալական լրատվամիջոցը, հայտնում է Bloomberg-ը։
LaPresse-ի հրապարակած աուդիոձայնագրության մեջ 86-ամյա Բեռլուսկոնին ասում է, որ Պուտինը չէր ուզում պատերազմի գնալ, բայց ստիպված էր դա անել Դոնբասի վրա Ուկրաինայի շարունակական հարձակումների պատճառով:
Ընտրվելուց հետո Զելենսկին, Բեռլուսկոնիի խոսքով, «եռապատկեց գրոհները», եւ Պուտինը միջամտեց, որպեսզի փոխարինի նրան «ուկրաինական փոքրամասնության, ազնիվ, ողջամիտ մարդկանց կողմից ձեւավորված» կառավարությամբ: «Նա բախվեց մի իրավիճակի, որը չէր կարող կանխատեսել՝ ուկրաինացիների դիմադրությանը, որոնք երրորդ օրը սկսեցին փող եւ զենք ստանալ Արեւմուտքից»,- ասել է Բեռլուսկոնին: «Այսպիսով, երկշաբաթյա գործողության փոխարեն այս պատերազմը վերածվեց 200-ամյա պատերազմի»։