Սպիտակ տանը գլուխ են կոտրում, թե ինչպես խուսափել G-20-ի գագաթաժողովում Պուտինի ու Բայդենի հանդիպումից
Նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կմասնակցեն Ինդոնեզիայում կայանալիք G-20-ի գագաթնաժողովին: ԱՄՆ պաշտոնյաները քայլեր են ձեռնարկում երկու նախագահների հանդիպումը կանխելու համար։
Անցյալ շաբաթ Բայդենը բացեց Պուտինի հետ գագաթաժողովում հանդիպելու դուռը, որպեսզի քննարկեն ամերիկացի բանտարկյալների, այդ թվում՝ WNBA-ի աստղ Բրիթնի Գրիների ազատ արձակումը: Բայց Կրեմլի հետ ոչ մի բանակցություն՝ գործարք կնքելու համար, եւ դա դժվար թե փոխվի, գրում է Politico-ն՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցիչներին։
Ըստ պաշտոնատար անձանց, որոնք նշում են, որ նախագահները կարող են մասնակցել նույն մեծ լիագումար նիստին, չի կարելի բացառել, որ նոյեմբերի գագաթաժողովի ընթացքում ինչ-որ պահի Բայդենի եւ Պուտինի ճանապարհները կարող են հատվել։ Սակայն ԱՄՆ պաշտոնյաները բացառել են պաշտոնական հանդիպումը եւ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ԱՄՆ նախագահը չհանդիպի իր ռուս գործընկերոջը միջանցքում կամ նույնիսկ առաջնորդների խմբային լուսանկարման ժամանակ:
G-20-ի գագաթաժողովը, որը տեղի կունենա Բալիի գեղատեսիլ լողափերին, կլինի վերջին տարիների ամենասպասված բազմազգ հանդիպումը, քանի որ պատերազմը փորձություն է դարձել Եվրոպայի համար, իսկ տնտեսությունը ռեցեսիայի եզրին է: Սպասվում է, որ ներկա ոչ բոլոր երկրները կհամախմբվեն Ուկրաինայի շուրջը, ինչպես դա արել են եվրոպական երկրները:
Սա լոգիստիկ խնդիրներ է ստեղծել Սպիտակ տան համար։ Մինչ Բայդենը ծրագրում է խուսափել Պուտինից, Վաշինգտոնում եւ Պեկինում ավագ օգնականների միջեւ բանակցություններ են սկսվել այն մասին, որ G-20-ի գագաթաժողովի շրջանակներում կանցկացվի Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի առաջին դեմառդեմ հանդիպումը: Սովորաբար, աշխարհի երկու խոշոր գերտերությունների առաջնորդների առաջին հանդիպումը պետք է լիներ գլխավորը, սակայն Պուտինը պատրաստ է իր վրա սեւեռել բոլորի ուշադրությունը:
Սպիտակ տանն արդեն մի քանի շաբաթ ներքին քննարկումներ են ընթանում Պուտինի հնարավոր այցի վերաբերյալ այն բանից հետո, երբ Ինդոնեզիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ՌԴ առաջնորդը մասնակցելու է գագաթաժողովին: Արեւմտյան թեւում տարաձայնություններ գրեթե չեն եղել այն եզրակացության շուրջ, որ Բայդենը չպետք է հանդիպի Պուտինի հետ: