Իսպանիայում ստեղծել են Հիսուս Քրիստոսի խոշտանգված մարմնի հիպերռեալիստական պատճենը
Սալամանկայի մայր տաճարում ցուցադրել են Հիսուս Քրիստոսի մարմնի հիպերռեալիստական պատճենը՝ խոցումների բոլոր հետքերով եւ վնասվածքներով, որոնք կարող էին մնալ նրա մարմնին անարգվելուց եւ խաչվելուց հետո։ Արտ-նմուշը ստեղծվել է Թուրինի պատանի մանրամասն ուսումնասիրման եւ նրա վրա պահպանված պատկերների 3D վերականգնման աշխատանքի 15 տարիների ընթացքում, գրել է Daily Star-ը։
Քրիստոսի մարմնի պատճենը պատրաստվել է լատեքսից, սիլիկոնից եւ մարդկային մազից։ Նրա վրա կան փշե պսակի հետքերը, խաչվելու հետեւանքով մնացած վերքերը եւ այն վնասվածքները, որոնք հասցվել են Պոնտացի Պիղատոսի հրամանով նրան անարգելուց եւ ծեծելուց հետո, ինչպես նաեւ Գեղարդի հարվածից մնացած հետքը։
Քրիստոսի պատճենի քաշը 75 կիլոգրամ է, բարձրությունը՝ 177 սանտիմետր։ Այն պաշտոնապես կրում է «Առեղծվածային մարդը» անունը։
«Ոչ ոք չի համարձակվել նման հիպերռեալիստական մարմին ստեղծել։ Մենք համարձակվեցինք եւ հույս ունենք, որ ցուցադրությունը մեծ հաջողություն կունենա»,- ասել է նախագծի ղեկավար Ալվարո Բլանկոն։
«Առեղծվածային մարդը» մինչեւ դեկտեմբեր գտնվելու է իսպանական Սալամանկայի տաճարում, իսկ հետո «կմեկնի» համաշխարհային շրջագայության։