Ջեֆ Բեզոսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է ռեցեսիա ապրել
Amazon-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է ռեցեսիա ապրել եւ ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ցավալի անկմանը:
Միլիարդատերը ռեթվիթ է արել CNBC-ի հոլովակը՝ Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեւիդ Սոլոմոնի մասնակցությամբ: Դրանում բանկի ղեկավարը բիզնեսի սեփականատերերին խորհուրդ է տվել զգույշ լինել եւ պատրաստվել շուկայի ավելի մեծ անկայունությանը, քանի որ աճի խոչընդոտներն ուժեղանում են, գրում է BI-ն։
Վերջին ամիսներին ռեցեսիայի մտավախություններն ուժեղացել են, մասամբ այն պատճառով, որ Դաշնային պահուստային համակարգը ակտիվորեն փորձում է սառեցնել ԱՄՆ-ի տնտեսությունը: Կենտրոնական բանկի նպատակն է նվազեցնել գնաճը, որը հունիսին հասել է 40 տարվա առավելագույն մակարդակին՝ 9,1 տոկոսի, իսկ սեպտեմբերին 8 տոկոսից բարձր է մնացել։
Դաշնային պահուստային համակարգը մարտին բարձրացրել է տոկոսադրույքները՝ զրոյից հասցնելով մինչեւ 3-3,25 տոկոսի միջակայք, եւ հասկացրել է, որ հաջորդ տարի դրանք կարող են մոտենալ 5 տոկոսին:
Առաջատար ներդրողները, ղեկավարները, գիտնականներն ու վերլուծաբանները նույնպես ահազանգել են պոտենցիալ համաշխարհային անկման մասին: Նրանք հիշատակել են բազմաթիվ ռիսկերը, այդ թվում՝ մասնավոր եւ պետական հսկայական պարտքերը, ինչպես նաեւ Ուկրաինայի պատերազմը։
Բեզոսը ունի ԱՄՆ տնտեսության վիճակը մեկնաբանելու բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ Amazon-ը երկրի խոշոր գործատուներից մեկն է, որտեղ հունիսի 30-ի դրությամբ 1,5 միլիոն մարդ է աշխատում:
Amazon-ի գլխավոր տնօրեն Էնդի Ջասին, որն անցյալ ամառ Բեզոսից ընդունել է ընկերության կառավարումը, կարծես կիսում է իր նախորդի մտահոգությունները: Վերջին ամիսներին Amazon-ը կրճատել է ծախսերը, դանդաղեցնելով ծախսերը եւ սառեցնելով աշխատանքի ընդունումը որոշակի պաշտոնների համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա ավելի կոշտ տնտեսական ֆոն է սպասում: