Լիբանանում խոլերայով վարակման դեպքերի թիվը հասել է 169-ի
Լիբանանցի բժիշկները խոլերայով վարակման 80 նոր դեպք են գրանցել երկրի տարածքում անցած երկու օրում. հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 169-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ Աբիյադը՝ հանդես գալով հոկտեմբերի 19-ին անցկացված մամուլի ասուլիսում:
«Խոլերայով վարակման 80 նոր դեպք Է գրանցվել վերջին 48 ժամվա ընթացքում, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 169-ի»,-ասել Է նախարարը:
Խոլերայի բռնկումն սկսվելուց ի վեր Լիբանանում մահացել Է վարակվածներից հինգը: Նրա խոսքով՝ հիվանդության տարածման տեմպերը բարձր են, ընդ որում՝ ախտահարման նոր դեպքերի շուրջ 70 տոկոսը բաժին Է ընկնում Լիբանանում ապրող սիրիացի փախստականներին: Որպես մահվան դեպքերի հիմնական պատճառ նախարարը համարել Է հիվանդացածների ուշացումով դիմելը բժիշկներին:
«Առողջապահության նախարարության տվյալներով, վարակման գլխավոր օջախը մնում Է երկրի հյուսիսում գտնվող Աքարի նահանգը, որտեղ հոկտեմբերի սկզբին գրանցվել Է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայի առաջին դեպքը: «Ջրի աղբյուրների վարակումը մի շարք շրջաններում գլխավոր գործոնն Է, որը հրահրում Է խոլերայի տարածումը»,-նշել Է գերատեսչության ղեկավարը:
Նաեւ ինֆեկցիան փոխանցվում Է գյուղատնտեսական մթերքների վարակման ճանապարհով եւ հիվանդի հետ շփվելու միջոցով: Ավելի վաղ հոկտեմբերին Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել Է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայով հիվանդանալու առաջին դեպքի մասին: Անցած շաբաթ բժիշկները հայտարարել են հիվանդի մահվան առաջին դեպքի մասին:
Հարեւան Սիրիայում խոլերան մոլեգնում Է արդեն մեկ ամսից ավելի: Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գրանցվել Է ավելի քան 800 դեպք, մահացել Է 40-ից ավելի մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: