ԱԱԾ պաշտոնյայի կինն ազատման դիմում է գրել՝ ձեռքի հետ սպառնալով․ «Այսուհետ եղեք չափազանց զգույշ
Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ էր նշանակվել Քրիստինա Վարդանյանը, որը ԱԱԾ Երևանի վարչության պետ Ռազմիկ Միքայելյանի կինն է։ Վարդանյանը մինչ այդ եղել է Երևանի թիվ 89 մանկապարտեզի տնօրեն։ Նրա նշանակումը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը՝ դա համարելով հին բարքերին վերադարձ և ծանոթով պաշտոնի նշանակում։ Նա դեռ նշանակումից առաջ՝ սեպտեմբերի 28-ին էր այսպիսի մի գրառում կատարել իր էջում․« Անվտանգային այս իրավիճակում ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան փորձում է իր լծակներով Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում տեղավորել մանկապարտեզի տնօրեն իր կնոջը՝ ի չիք դարձնելու կրթական բարեփոխումները Երևանում: Երևանի վարչության վերափոխումն իրականացվում է ՄԱԿ-ի հետազոտության արդյունքում, դրա նպատակներին հակառակ փորձ է արվում ռեֆորմը շուռ տալ մեր դեմ: Եթե ՔՊ-ն և Երևանի քաղաքապետարանը գնա նման ՀՀԿ-ական քայլերի և հին արժեհամակարգի կրողներին կրկին վերադարձնի, ուրեմն հետևանքները ծանր են լինելու: Մինչ մենք փորձում ենք կրթական ռեֆորմը առաջ տանել, մեջքի հետևից հին ցանցերը ինքնակազմակերպվում են: Սա չի լինելու»:
Իսկ արդեն նշանակումից հետո՝ հոկտեմբերի 10-ին, նույն Վահրամ Սողոմոնյանը գրել է․ «Երևանի քաղաքապետը, ասում են, Երևանի ԱԱԾ պետի կնոջը նշանակել է հանրակրթության վարչության պետի տեղակալի ԺՊ։ Էս մարդիկ ուսուցչի տոնն էին շնորհավորում, բայց կրթության վարչարար են նշանակում ռեֆորմների ոգուն հակասող կադրերի։ Երևի Ադրբեջանի ու Թուրքիայի հարցերը ԱԱԾ-ն լուծել է, հիմա կրթության հարցերով է զբաղված»։
Նրա այս քննադատությունը ծանր է տարել ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի կինը, որը մի քանի օր անց որոշել է ազատման դիմում գրել Հանրակրության վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ տեղի տալով «ճնշմանը»։
Երեկ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վահրամ Սողոմոնյանի՝ «հաղթական» գրառումը, որով տեղեկացնում է, որ Քրիստինա Վարդանյանը ազատման դիմում է գրել ու դրան կից իր ազատման վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկել։ Վերջում էլ հասցրել է մի թեթև սպառնալ իր «հետևից ընկած» Սողոմոնյանին։
«Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, այս անձը բացահայտ հետաքրքրություն ցուցաբերելով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նկատմամբ, բազմիցս հրապարակումներով հանդես է գալիս իբր սրտացավ է այդ ոլորտի հանդեպ: Սակայն մի բան պարզից էլ պարզ է, նա հանդիսանում է տվյալ վարչության պետ՝ Մարգարիտ Խաչատրյանի մտերիմ ընկերը, ով մասնագիտությամբ սոցիալական աշխատող է և անհասկանալի կերպով նշանակվել է տվյալ վարչության պետ, որը պետք է համակարգի մի ամբողջ կրթական ոլորտ: Նրանք միասին ջանք չխնայելով հասցրեցին այն կետին, որ ես իմ դիմումի համաձայն ազատվեցի ինձ համար շատ սիրելի աշխատանքից, միայն այն պատճառով, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը հարիր չէր ներքաշել իրենց առևտրային և փողոցային հրապարակումների մեջ: Քարկոծում են մի մարդու՝ հանձինս ինձ, ով երկար տարիներ աշխատել և վայելել է հազարավոր ծնողների, հարյուրավոր աշխատակիցների և կոլեգաների հարգանքը: Հասկանում եմ ձեր վախերը, բայց մի բան հստակ է, ուժային կառույցի աշխատակցի կինը Ձեզ համար վտանգ էր ներկայացնում, որպես քաջատեղյակ ոլորտից մարդ: Դե հիմա, այո, ազատ եք Ձեր փոխշահավետ գործարքներում, բայց եղեք այսուհետ չափազաց զգույշ»,-իր հրաժեշտի խոսքում գրել է բաղձալի պաշտոնում ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տիկինը։