Pfizer-ի ՌՆԹ պատվաստանյութը COVID-19-ի դեմ երեխաների մոտ հազվադեպ է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնում
Ամերիկացի եւ եվրոպացի գիտնականները պարզել են, որ ՌՆԹ պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ հազվադեպ է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնում երեխաների մոտ։ Նույնը կարելի է ասել նաեւ այլ հիվանդությունների դեմ ներարկումների մասին՝ թուլացած վիրուսային մասնիկների հիման վրա։ Գիտնականների դիտարկումների արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
«Մեր իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Pfizer պատվաստանյութի ընդունումից հետո կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունն ու բնույթն ընդհանուր առմամբ համադրելի էին այն բանի հետ, թե որքան հաճախ էին առաջանում եւ որքան ծանր էին նման միջադեպերը մանկական այլ պատվաստանյութերի ընդունումից հետո, որոնք կապված չէին կորոնավիրուսի հետ։ Մեր հավաքած տվյալները կօգնեն համակողմանի գնահատել ՌՆԹ պատվաստանյութի անվտանգությունը փոքրահասակ երեխաների համար»,- նշվել է հոդվածում։
Անցած տարվա գարնանը իսրայելցի գիտնականները պարզել են, որ Pfizer-ի եւ Moderna-ի ՌՆԹ պատվաստանյութերը կորոնավիրուսի դեմ չափազանց հազվադեպ են առաջ բերել միոկարդիտ՝ սրտամկանի բորբոքային հիվանդություն, որի բարդությունները կարող են հանգեցնել սրտային անբավարարության կամ սրտի հանկարծակի կանգի։ Ավելի ուշ գիտնականները հայտնաբերել են, որ պատվաստումից հետո ամենից հաճախ միոկարդիտ առաջացել է երեխաների եւ դեռահասների մոտ։
Այս բացահայտումները գիտնականներին ստիպել են մանրամասն ուսումնասիրել հնարավոր բոլոր կողմնակի ազդեցությունները՝ կապված ՌՆԹ պատվաստանյութերի ներարկման հետ։