«Ժողովուրդ». Դատավորի մասով ԲԴԽ նախագահն իրավապահներին նախնական համաձայնություն է տվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձեւավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը: Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրեւ իշխանության համար կալանք տվող դատավորներ: Եւ, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեեւ իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն:
Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իշխանության պատվերով կալանավորած դատավոր Ալեքսանյանին կալանավորելուց առաջ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին իրավապահները նախապես տեղյակ են պահել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ ԲԴԽ-ն կթույլատրի կալանավորել դատավորին:
Եւ այդ վստահությամբ էլ երեկ երեկոյան սկսվեց դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: Ճակատագրի հեգնանքով իր գործընկերոջը կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննում էր «կալանք տվող» մեկ այլ դատավոր Արշակ Մաթեւոսյանը։ Երեկ՝ թերթը տպարան ուղարկելու ժամանակ, դեռ որոշում առկա չէր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում