Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 19 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ
Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Ինչպես հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր թվով 383 հազար գլանակ կամ 19 հազար 150 տուփ ծխախոտային արտադրանք։
Փաստերի առթիվ` յուրաքանչյուր դեպքով, ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և տրամադրվել են ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչություն վարչական վարույթ իրականացնելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների տեղափոխման նկատմամբ։