Աշխարհի 22 երկիր ցանկանում է Իրանից անօդաչուներ գնել. իրանցի բարձրաստիճան գեներալ
Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ 22 պետություն շահագրգռված է իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում, գրում է tasnimnews.com-ը։
Երեքշաբթի Թեհրանի ռազմական ակադեմիայում ունեցած ելույթում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է, որ Իրանի զինված ուժերն այնքան վարպետորեն են կիրառել գիտությունն ու տեխնոլոգիան, որ զսպող ուժ են ձեռք բերել տարբեր ոլորտներում։
Կարեւորելով Իրանի առաջընթացը անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ՝ գեներալն ասել է. «Այսօր մենք հասել ենք մի կետի, որ աշխարհի 22 երկրներ պահանջում են Իրանից գնել անօդաչու սարքեր»։
Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Սական թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հերքում են իրանական անօդաչուների առքուվաճառքի վերաբերյալ պնդումները: