Ռուսաստանին զենք տրամադրելն Իրանին մեղսակից է դարձնում ռազմական հանցագործություններին. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Ուկրաինայում նվաճողական պատերազմ վարելու և ուկրաինայի քաղաքացիների սպանության համար զենք տրամադրելն Իրանին մեղսակից է դարձնում Ռուսաստանի հանցավոր ագրեսիային, ռազմական հանցագործություններին և Ուկրաինայի դեմ ահաբեկչական գործողություններին», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար։
Նախարարությունը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը, օգտագործելով իրանական կամիկաձե անօդաչու սարքերը, հարյուրից ավելի հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ վնասելով բնակելի շենքեր, էլեկտրակայաններ, կոյուղու մաքրման կայաններ, կամուրջներ և խաղահրապարակներ։