Բուլղարիայի նախագահը դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն։ Նա նշել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումն այս պահին, առանց փոխարինման, կխորացնի հնարավորությունների դեֆիցիտը երկար ժամանակով եւ անվտանգության վատթարացող իրավիճակի պայմաններում, հայտնում է Frognews.bg-ն:
«Մանտրան այն մասին, թե զենք մատակարարելով Ուկրաինային՝ մենք անմիջապես ՆԱՏՕ-ի զենք կստանանք, դա վտանգավոր միամտություն կամ լուրջ անիրազեկվածություն է»,- ասել է Ռադեւը։
«Բուլղարիայի իշխանություններին ներկայացվող պահանջները պետք է բացառեն անիրազեկվածությունն ու սուտը, որ ոմանք անընդհատ տարածում են։ Նրանք, ովքեր եղել են մի քանի կառավարություններում եւ խորհրդարաններում, տարիներով դանդաղեցրել են արդիականացումը, որեւէ նոր զենք ձեռք չեն բերել, իսկ հիմա շտապում են զինել Ուկրաինային՝ առանց որեւէ նոր բան ներդնելու, եւ այդպիսով շտապում են մեզ զրկել այն ամենից, ինչ ունենք այս պահին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բուլղարացի քաղաքական գործիչներն արդեն երեք տասնամյակ բարեփոխում են բուլղարական բանակը՝ ելնելով իրենց տնտեսական նկատառումներից։ «Մենք գիտենք արդյունքը՝ կտրուկ կրճատումներ, ֆինանսավորման բացակայություն, սպառազինության բացակայություն, սահմանափակ օպերատիվ համատեղելիություն եւ հնարավորությունների դեֆիցիտ»,- ասել է Ռադեւը: «Ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել չքաղաքականացնել բուլղարական բանակի խնդիրները, չօգտագործել դրանք քաղաքական նպատակներով, գոնե այս ոլորտում միասին աշխատել զինված ուժերի խնդիրները լուծելու համար»,- ասել է նա։