«Հայ-ադրբեջանական վերջին twit- դիալոգը նայեք եւ պատրաստվեք պատերազմի». Վլադիմիր Մարտիրոսյան
Հայ-ադրբեջանական վերջին twit- դիալոգը նայեք եւ պատրաստվեք պատերազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Ինձ չի հուզում ՔՊ կուսակցության շարքային անդամների ապագա ճակատագիրը, քանի որ նրանք, որպես «քաղաքական մատերիալ» ի սկզբանե հավաքագրվել էին եւ այժմ էլ օգտագործվում են որպես ֆոնային նաժիշտներ՝ բավարարման եւ կառավարման տարբեր մեխանիզմներով:
Ինձ չի հուզում ՔՊ պատգամավորների, ՔՊ կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցական երիտ-նոմենկլատուրշիկների, իշխանամերձ եւ իշխանամեջ տարբեր գործիչների եւ գործիքների ապագա ճակատագիրը, դրանով թող մտազբաղ լինեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող տարբեր կառույցները, երբ փլվի խաղաքարտե տնակը այդ ժամանակ մտահոգ կդառնան, թե ում տալ եւ ում չտալ ապաստան եւ ստատուս:
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց վզին ՔՊ-ի կողմից դրվելիք «երկիրը հանձնողների» պիտակավորումը, որն անխուսափելի է դառնում:
Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական մասշտաբներն ու պատկերը, որն անխուսափելիորեն բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, ծավալներով եւ վայրագության աստիճանով:
Ինձ հուզում է, թե քաղաքական անձը, որքան եսակենտրոն հավկուրություն, բարոյական սնանկություն, քաղաքական ինքնապաշտություն եւ համառ երեսպաշտություն պետք է ունենա, որ իր անձնական, քաղաքական, պատմական, բարոյական բանկրոտը չհասկանա, չընդունի եւ կանգ առնելու, այդ ամենը իր քաղաքական չգոյությամբ կասեցնելու փոխարեն՝ շարունակաբար լղոզի այն սեփական երկրի եւ ժողովրդի վրա, ինչի արդյունքում բերի մահ ու դժբախտություն, կորուստ ու սպառված ճակատագրեր, կործանում, սնանկություն եւ պատվազրկում: