Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Միրզոյանի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, մեկնաբանել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նա Երևանին կոչ է արել զերծ մնալ «սադրանքներից» (չակերտները՝ Tert.am) և «կատարել իր պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am)։
«Սա առաջին հերթին բխում է հենց Երևանի շահերից։ Սա կարևոր է բոլոր երկրների համար»,- ընդգծել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարայի դիրքորոշումը Երևանի հետ երկխոսության հարցում չափազանց հստակ է։ Միաժամանակ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է «եղբայրական Ադրբեջանի» հետ։
Չավուշօղլուի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։
Թուրք նախարարը նաև ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները իրենք կորոշեն նոր հանդիպման օրը։
«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Չավուշօղլուն նաև ասել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։
«Մենք միշտ պատրաստ ենք նման հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, մեզ համար խնդիրներ չկան, բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Հայկական կողմից դա խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր, Անկարան ներկայացնում է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Դիվանագետներն արդեն անցկացրել են բանակցությունների չորս փուլ, առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, մյուս երեքը՝ Վիեննայում։
Հուլիսի 11-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակում, նրանց առաջին հանդիպումը։