Կտավատի սերմեր և մրգահյութ. սննդաբանը պատմել է` ինչ է նախաճաշին ուտում Մեծ Բրիտանիայի թագավորը
Մեծ Բրիտանիայի թագավորը նախաճաշին ուտում է միրգ, տնական հաց, կտավատի սերմեր, ասել է սննդաբան Սինյե Սվանֆելդը, հայտնում է Daily Express-ը։
Նա պատմել է, որ միապետը նախաճաշում է ուշ, իսկ նրա կերակուրը բաղկացած է եղել տնական հացից, կտավատի սերմերից, թարմ մրգերից և մրգահյութից։
«Ուշ նախաճաշը միանգամայն լավ է: Ավելի կարևոր է ոչ թե սննդակարգը, այլ այն, թե կոնկրետ ինչ և որքան է ուտում մարդը»,- վստահ է սննդաբանը։
Առավոտյան միապետը միշտ խմում է իր սիրելի Դարջիլինգ թեյը, որն աճում է Հնդկաստանում և Հիմալայներում, և դրան կաթ ու մեղր է ավելացնում։
Սննդաբանը նշել է նաև Չարլզ Երրորդի նախաճաշում ներառված մթերքների օգտակար հատկությունները. օրինակ, կտավատի սերմը շատ օգտակար է մարսողության համար, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և ճարպաթթուներով: Այնուամենայնիվ, Սվանֆելդը խորհուրդ է տալիս չտարվել այս մթերքով և ուտել օրական ոչ ավելի, քան մեկ-երկու ճաշի գդալ ամբողջական սերմեր:
Տնական հացը, ըստ մասնագետի, սովորաբար հարուստ է սննդարար նյութերով, բջջանյութով և սպիտակուցներ պարունակող սերմերով։
Թարմ մրգերն ու հյութը օգնում են Չարլզ Երրորդին ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանրաթել, վիտամիններ: Օրվա ընթացքում թագավորը սպիտակուցներով ու բջջանյութով հարուստ սնունդ է ուտում։ Ընդ որում, բրիտանացի թագավորը չի ուտում լանչի ժամանակ՝ նախընտրելով երկրորդ կերակուրն ավելի մոտ ընթրիքի ժամին։
Սվանֆելդը նաև պնդում է, որ շաբաթը երկու օր Չարլզ Երրորդը միս և ձուկ չի ուտում և շաբաթը մեկ անգամ հրաժարվում է կաթնամթերքից։ Մասնագետն այս մոտեցումն անվանել է «լավ ռազմավարություն», քանի որ այն թույլ է տալիս ավելացնել սպառվող առողջ սննդային մանրաթելերի քանակը և նվազեցնել օրգանիզմում ածխածնի քանակը։