Վրաստանի նախագահը չի բացառել ռուսաստանցիների համար վիզային ռեժիմ մտցնելը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Քիշնեւում ճեպազրույցի շրջանակում չի բացառել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու եւ ռուսաստանցիների համար վիզաներ մտցնելու հարցը։
Զուրաբիշվիլին Վրաստան եկած ռուսաստանցիների մեծ հոսքն անվանել է «սադրանք»։
«ՌԴ քաղաքացիների հայտնվելը Վրաստանում սադրանք է, չեմ կարող ասել, թե դա վտանգ է, բայց սա հաստատ մարտահրավեր է։ Գուցե, պետք է խոսել նաեւ վիզաների մասին ՌԴ քաղաքացիների համար, քանի որ հիմա ամեն բան բավական լիբերալ է, այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը հանրության հետ միասին»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները վերահսկում են իրավիճակը, որպեսզի ոչ մի վտանգ չառաջանա տեղի բնակչության համար։