Այս հաղթանակի շնորհիվ Գուրգեն Հովհաննիսյանը թռիչքային աճ գրանցեց. Արթուր Գևորգյան
Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակի է հասել Մայքլ Քոֆիի նկատմամբ:
7-րդ ռաունդում Հովհաննիսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Հայ բռնցքամարտիկի համար սա 4-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Մենամարտից հետո ArmSport-ը զրուցել է Գուրգեն Հովհաննիսյանի մենեջեր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանի հետ:
«Մենամարտն անցավ նախատեսվածի պես: Վերջին 5 ամսիներին հսկայական աշխատանք էր կատարել մարզչական թիմը` ԱՄՆ-ում շատ հայտնի Ջո Գուսն մարզչի հետ: Լուրջ ու դժվարին սպարինգային ցիկլով էր անցել ու լիարժեք պատրաստ էր այս մենամարտին, չնայած շատ մասնագետներ Գուրգենի համար ռիսկային էին համարում այս մենամարտը, քանի որ մրցակիցը ահռելի մեծ փորձ ուներ և չափերով էլ ավելի խոշոր էր՝ քան Գուրգենը: Մեր բռնցքամարտիկն իր դասական ոճի բռնցքամարտով, ունեցած գիտելիքների ու բնատուր արագության ու ռինգում արագ տրամաբանության շնորհիվ կարողացավ արագ հաղթանակի հասնել:
Մենամարտը մեկնաբանում էր լեգենդար բռնցքամարտիկ Լենսքս Լուիսը: Նրա մեկնաբանությունից երևում էր, որ տպավորված էր Գուրգենի մենամարտով: Լուիսը նույն թիմի ընտանիքի անդամ է, որի հետ Գուրգենն ունի պայմանագիր: Նշեմ, որ այս հաղթանակի շնորհիվ Գուրգեն Հովհաննիսյանը թռիչքային աճ գրանցեց ու այժմ 48-րդն է համաշխարհային ռեյտինգում»,-ArmSport-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը: