Բայդենը կարող է արգելք դնել վառելիքի արտահանման վրա․ ԶԼՄ
ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարանները պատրաստվում են նրան, որ նախագահ Ջո Բայդենն արգելք կարող է դնել վառելիքի արտահանման վրա: Մինչ օրս ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, սակայն միջնաժամկետ հեռանկարի մոտենալու եւ վառելիքի գների շարունակական աճի պայմաններում իրավիճակը շուտով կարող է փոխվել, գրում է Oilprice-ը։
Այս ամսվա սկզբին Սպիտակ տունը դիմել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը՝ խնդրելով գնահատել վառելիքի, այդ թվում՝ բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ նավթային վերամշակված ապրանքների արտահանման արգելքի հնարավոր ազդեցությունը: Այս քայլը ենթադրում է, որ նախագահ Բայդենը պատրաստվում է արգելքի: Դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից առաջ, այն ժամանակ, երբ Բայդենը անհանգստացած է վառելիքի գների էլ ավելի ուժեղ աճով, իսկ ԱՄՆ հասարակությունը պայքարում է աճող ինֆլյացիայի եւ ընդհանուր տնտեսական անորոշության դեմ:
Օգոստոսին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը նամակ է ուղարկել ԱՄՆ վերամշակող գործարաններին՝ խնդրելով ավելացնել բենզինի եւ դիզելային վառելիքի ներքին պաշարները եւ տեղափոխել արտահանման շեշտադրումը: Իր նամակում նա մատնանշել է «արտակարգ միջոցներ» ձեռնարկելու հնարավորությունը, եթե նրանք չկարողանան հասնել այդ նպատակին: Նա հոկտեմբերին ենթադրել է, որ հնարավոր են էներգակիրների արտահանման սահմանափակումներ, եւ թեեւ դրանք «ներկայումս չեն դիտարկվում», անհրաժեշտության դեպքում դա կարող է փոխվել։
Նավթային ընկերության ղեկավարներից մեկը իրավիճակն այսպես է բացատրել. «Մենք տարածք չունենք ԱՄՆ-ում ավելցուկային վառելիք կուտակելու համար»՝ հավելելով. «Մենք ստիպված կլինենք դանդաղեցնել նավթավերամշակման գործարանների աշխատանքը՝ քիչ դիզելային վառելիք եւ բենզին արտադրելու համար»: Էներգետիկայի նախարարությունը երկրի էներգետիկ շուկաների վրա վառելիքի արտահանման արգելքի ազդեցության մասին բանակցություններ է վարում նավթավերամշակման գործարանների հետ, մինչդեռ վերամշակման ոլորտում լայնորեն տարածված է այն կարծիքը, որ արգելքը չի հանգեցնի գների նվազման, այլ կարող է վնաս հասցնել ոլորտին, քանի որ այն կվանի օտարերկրյա գործընկերներին, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, որոնք շարունակում են ապավինել ամերիկյան վառելիքին։