Մարդիկ, ովքեր մեծացել են ափին, հոգեպես ավելի առողջ են, քան մնացածը. Ուսումնասիրություն
Կապույտ գոտիներում՝ լճերի, գետերի, ծովերի ափերի մոտ մանկության տարիներն անցկացրած ժամերն ու օրերը դրական են ազդում հասուն տարիքում հոգեկան առողջության եւ բարեկեցության վրա: Նման մարդիկ հաճախ են վերադառնում ափ ու ավելի են գնահատում բնությունը։
Այս եզրակացություններին է հանգել եվրոպացի եւ ամերիկացի գիտնականների խումբը՝ 18 երկրներից 15 հազար մարդու մասնակցությամբ հետազոտության շրջանակում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Environmental Psychology գիտական ամսագրում, գրում է ABC News-ը։
Կամավորները լրացրել են հարցաթերթիկներ, որտեղ նշել են, թե որքան հաճախ են ժամանակ անցկացրել կապույտ գոտիներում եւ թե ինչպես են գնահատում իրենց հոգեկան վիճակը:
Ըստ գիտնականների՝ արդյունքները ցույց են տվել, որ երեխաների հոգեւոր, ինտելեկտուալ եւ ֆիզիկական զարգացման համար կապույտ գոտիները նույնքան անհրաժեշտ են, որքան կանաչը՝ հրապարակները, այգիները եւ անտառները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ակնարկը նշում է նաեւ, որ կապույտ գոտիները ամենաընդգծված ազդեցությունն ունեն աֆեկտների եւ աֆեկտիվ խանգարումների վրա: Միեւնույն ժամանակ, ոչ թե ներքին ջրերն են առավել դրականորեն ազդում հոգեկան առողջության վրա, այլ առափնյա կապույտ գոտիները: