Բժիշկը հայտնել է՝ ինչով է վտանգավոր մշտական քնկոտությունը
Քնի մշտական ցանկությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք պետք է բուժվեն մասնագետների հսկողության ներքո, «Մոսկվա 24»-ին ասել է բժիշկ Ալեքսեյ Խուխրևը։
Քնկոտության ամենատարածված պատճառներից մեկը վիտամին D-ի և երկաթի պակասն է: Դրանց պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդին և բժշկի նշանակմամբ ընդունել վիտամինային համակցություններ։
«Դա կարող է լինել նաև անեմիա, այսինքն՝ հյուսվածքների թթվածնի պակաս։ Դա կարող է լինել նաև հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում: Նման հիվանդների մոտ նույնպես մշտական քնկոտություն է լինում»,- պարզաբանել է բժիշկը։
Եթե աշնան ամիսներին գերակշռում է քնկոտությունը, ապա դա կարող է պայմանավորված լինել արևի բացակայությամբ և ցածր ֆիզիկական ակտիվությամբ։ Բացի այդ, քնելու մշտական ցանկությունը դեպրեսիայի նշաններից մեկն է։