Բելգիայի վարչապետը նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների մասին
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն նախազգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի գների սահմանափակումը, որը կոչ է անում մտցնել ընդդիմությունը, կարող է հանգեցնել այլ շուկաներում էլեկտրաէներգիա վաճառելուն եւ Բելգիայում էլեկտրաէներգիայի անջատումների։
Բելգիայի կառավարությունը մարտից պնդում է, որպեսզի էլեկտրաէներգիայի համաեվրոպական սահմանափակում մտցվի, բայց մինչեւ հիմա չի հաջողվել ընդհանուր մոտեցում գտնել էներգիայի աճող գների դեմ պայքարում։
«Եթե մենք սահմանափակենք էլեկտրաէներգիայի գինը Բելգիայում, էլեկտրաէներգիան կվաճառվի հարեւան երկրներում, որտեղ գները նույն մակարդակի չեն լինի»,- ասել է դե Կրոոն RTBF հանրային հեռարձակողի հարցազրույցում։ «Գոյություն ունի էլեկտրաէներգիայի անջատման վտանգ, որովհետեւ էլեկտրաէներգիան կվաճառվի այլ տեղերում»։
Բելգիայի աշխարհագրական դիրքը նույնպես պետք է հաշվի առնել հարեւանների հետ նրա փոխադարձ կապվածության պատճառով։ «Օրինակ, Իսպանիայում էներգետիկ տեսակետից երկիրն ավելի քան կղզի է, այստեղ կարելի է սահմանափակել էլեկտրաէներգիայի գները»,- ասել է Բելգիայի վարչապետը։
Մինչ այդ դաշնային կառավարությունը հայտարարել էր հանրային շինությունների էներգասպառման կրճատման եւ էներգետիկ ընկերությունների շահութահարկի մասին, ինչպիսին են Engie-ն եւ TotalEnergies-ը։
«Եվրոստատ» վիճակագրական վարչությունն այս տարի ավելի վաղ հայտարարել էր, որ Բելգիայում ամենաբարձր գնաճը էներգետիկ հատվածում է։