Ալիևը մեկնաբանել է Մակրոնի հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը»,- գրում է NEWS.ru-ն։
Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:
Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։
«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է» (չակերտները՝ Tert.am), և Մինսկի խմբի ծառայությունների «կարիքը չկա» (չակերտները՝ Tert.am), հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր» (չակերտները՝ Tert.am), ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, «մեր տարածքից» (չակերտները՝ Tert.am) ոչ մի սանտիմետր չազատագրվեց», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար: