Պրահայի հայտարարությունը կդրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմքում
Պրահայի հայտարարությունը կդրվի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի հիմքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ Աստանայում իր ռուս եւ հայ գործընկերների հետ հանդիպումից հետո։
Բայրամովը նաեւ ասել է, որ հոկտեմբերի երկուսին Ժնեւում Բաքուն փոխանցել է Երեւանին խաղաղության պայմանագրի հիմնական կետերը եւ ներկայումս սպասում է պատասխանի հայկական կողմից։ Նա նաեւ ասել է, որ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները ներկայացվել են դեռ այս տարվա փետրվարին։ Իսկ այն, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Բաքուն եւ Երեւանը փոխադարձաբար իրար տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարություն են ընդունել, դրվելու է խաղաղության պայմանագրի հիմքում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ կարեւոր է, որպեսզի գործնականում իրականացվի Հվ․ Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ Ադրբեջանը կոնկրետ գործողությունների կողմնակից է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում, որով զբաղվող հանձնաժողովի արդեն երրորդ նիստն առաջիկայում տեղի կունենա։