Շվեյցարացի պատգամավորները մտադիր են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին:
ԱԺ-ից հայտնում են, որ պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին:
«Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա:
Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի:
Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի: