Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ինչո՞ւ 100 զոհ տվեց ու ինչի հաշվին կանգնեցրեց պատերազմը․ Ալեն Սիմոնյան
ՀՀ իշխանությունները իրենց գործողություններով ապացուցել են, որ ավելի շատ բան են անում Արցախի համար, քան որևէ մեզ քննադատող նախկին իշխանություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ակնհայտ է, որ 30 տարվա ճանապարհ անցած մեր բանակը իր փորձությունը չկարողացավ անցնել, դրա հետ որևէ կապ չունեն ոչ հեղափոխությունը, ոչ իշխող կուսակցությունը»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը՝ արդյոք բանակը չդիմակայեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, Սիմոնյանը ասաց․
«Պետք է հասկանանք, թե ինչի դիմաց դիմացավ, դիմացավ այն բանի դիմաց, որ վերջին անգամ Սերժ Սարգսյանին շանս տրվեց հողերը առանց պատերազմի հանձնելու, դրանից հետո եղան հայտնի իրադարձություններ, որի մասին չեմ ուզում խոսել, որով փորձեցին էլի ժամանակ շահել։ Նույն Սերժ Սարգսյանը հարյուր անգամ այս ամբիոնից ասել է, որ փակուղի է, վերջացել է, դա անվանել հաղթանակ, երբ դու 100 զոհ ես տալիս, մի քանի ամիս ժամանակ ես շահում ու հարցը չես լուծում, ես չեմ համարում դա հաղթանակ»:
Սիմոնյանը ասաց, որ պատերազմը սկսվել էր հենց 2016թ-ից։
«Փաշինյանը տեսավ, որ բանակցությունները փակուղում է և տարավ այն ուղղությամբ, որով հնարավոր էր, որ լուծում լիներ: Հակառակորդը տեսավ, որ Հայաստանը ժողովրդավարանում է, տնտեսապես ոտքի է կանգնում, հասկացավ, որ եթե հիմա այս պահը բաց թողնի, հիմա չհարձակվի, հետագայում ավելի դժվար է լինելու։ Գնացեք հարցրեք Սերժ Սարգսյանին, Ապրիլյան պաերազմը, որը Դուք հաղթանակ եք համարում այդ տղաների մահվան շնորհիվ, ինչի՞ հաշվին կանգնեց և ինչ էր լինելու հետագայում, որ չեղավ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։