3 բուհերի միավորումը կարող է բացասաբար անդրադառնալ սպորտի ոլորտի վրա. Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նպատակահարմար չեն գտնում Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին միավորվելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, որն այս երեք համալսարանների միավորման գաղափարն անհաջող է համարում։
Դավիթ Խիթարյանն այս երեք ուսումնական հաստատությունների հնարավոր միավորման մասին տեղեկացել է մոտ երկու ամիս առաջ, երբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեք բուհերի ռեկտորներին քննարկման է հրավիրել։ Ռեկտորի խոսքով՝ նախարարը ներկայացրել է Կառավարության որոշումը ակադեմիական քաղաք կառուցելու վերաբերյալ եւ հայտնել, որ մինչեւ այդ բուհերի խոշորացման գաղափար կա։
«Այդ հանդիպմանը ես փորձեցի հիմնավորել, որ այդ գաղափարը հաջող չէ, որովհետեւ ընդհանուր շատ քիչ բան ունենք, մանավանդ, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն ու Բրյուսովի անվան պետական համալսարանները նեղ ոլորտային բուհեր են։ Այդ հանդիպումից հետո մինչեւ հիմա մեզ նախագիծ չի ներկայացվել»,– ասաց Դավիթ Խիթարյանը՝ հավելելով, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այս պահին զերծ են մնում բողոքի ակցիաներ անելուց, ինչպես անում են Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Ռեկտորը վտանգ է տեսնում, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի՝ այլ բուհերի հետ միավորումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանում սպորտի ոլորտի վրա։
«Մենք մինչեւ հիմա մնացել ենք ինստիտուտ, որովհետեւ մեր կրթությունը վերաբերում է միայն սպորտին ու սպորտը սպասարկող մյուս ոլորտներին։ Այո, մենք պատրաստում ենք մարզիչներ, որոնք կարող են աշխատել նաեւ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, նույն տրամաբանությամբ Կոնսերվատորիան պատրաստում է երաժիշտներ, որոնք կարող են դպրոցում աշխատել որպես երաժշտության ուսուցիչ, բայց մենք ընդհանուր ոչինչ չունենք Մանկավարժական համալսարանի հետ, մարզիչներ պատրաստում է միայն մեր բուհը, իսկ դա նեղ մասնագիտական ոլորտ է։
Այո, ոլորտում խնդիրներ կան, բայց դա չի վերաբերում նեղ ոլորտային բուհերին։ Հայաստանում կան պետական բուհեր, որոնք իրականացնում են նույն կրթական ծրագրերը, եթե պետությունը տեսնում է, որ ինչ–որ բուհում կրթական ծրագիրն այդքան էլ որակով չի իրականացվում, թող պետպատվերը հատկացնի մեկ այլ բուհի։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերը ոլորտում մեծ ցնցումներ են առաջացում, որի հետեւանքով ամբողջ ոլորտը տուժվում է։ Օրինակ, Սովետական միության փլուզումից հետո Վրաստանում փակեցին Ֆիզկուլտ ինստիտուտը եւ միացրին Մանկավարժական համալսարանին՝ որպես ֆակուլտետ, բայց 25 տարի հետո ստիպված նորից վերաբացեցին, որովհետեւ ամբողջ ոլորտը կորցրել էին, ոչ ոք չէր ուզում սովորել, մասնագետներ էլ չկային։ Վրաստանում 5 տարի առաջ բացեցին Ֆիզկուլտ ինստիտուտը, բայց հիմա էլ կադրային խնդիր ունեն, դասախոսներ չունեն, գիտական կոչում ունեցող մասնագետներ չկան, գալիս են մեր ինստիտուտում պաշտպանում իրենց գիտական թեզերը։ Եվ հիմա փոխարենը մենք տարածաշրջանում վերցնենք էդ դերակատարությունը, հակառակն ենք անում։ Սպորտն ու ֆիզիկական պատրաստվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, եւ պատերազմական այս իրավիճակում շատ լավ տեսնում ենք, թե ինչքան կարեւոր է զինվորներիի ֆիզիկական պատրաստվածությունը»,– ընդգծեց Դավիթ Խիթարյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե բուհերի միավորման արդյունքում երկու ռեկտորի պաշտոն կկրճատվի։ Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ երեք բուհերի միավորումը կրթության որակի բարձրացման միտում ունի։ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը, սակայն, համամիտ չէ նախարարի հետ։
«Չեմ կարծում, որ խոսքը միայն երկու ռեկտորի կրճատման մասին է, հարյուրավոր աշխատակիցներ կարող են զրկվել աշխատանքից։ Հնարավոր չէ, որ 12 պրոռեկտոր, 25 դեկան, 3 կադրերի բաժին, հաշվապահություններ եւ այլ կենտրոններ ունենա մեկ բուհը։ Եվ հանուն ինչի՞. այս տարբերակով հնարավոր չէ կրթության որակ բարձրացնել։ Կրթության որակի բարձրացման միակ ձեւը որակի ապահովման կենտրոնի խիստ պահանջներ են, իսկ անցած տարի մենք լիցենզավորում ենք ստացել 4 տարով, որի համար բուհն իր միջոցներից վճարում է արել, եւ ստացվում է, որ մեկ տարի հետո մեր լիցենզիան կարող է դադարել։ Ստացվում է, որ պետության մի թեւը չգիտի, թե մյուս թեւն ինչ է անում, մենք այդ 7,5 մլն դրամով կարող էինք լսարան, կամ էլ նոր մարզադահլիճ վերանորոգել»,– ասաց ռեկտորը։
Նա նշեց, որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում առկա եւ հեռակա ուսուցմամբ սովորում է 2300 ուսանող, իսկ վարչական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ մոտ 350 հոգի է։