SpaceX-ը հրաժարվում է ֆինանսավորել Stralink ծառայությունն Ուկրաինայում
Իլոն Մասկի SpaceX-ընկերությունը Պենտագոնին խնդրել է ֆինանսավորել Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային համակարգի պետական և ռազմական օգտագործումը՝ հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Մինչև այս տարվա վերջ, ըստ SpaceX-ի, այն կկազմի ավելի քան 120 միլիոն դոլար։ Starlink-ի ծառայությունների արժեքն առաջիկա 12 ամիսների ընթացքում գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար: «Մենք ի վիճակի չենք հետագայում էլ տերմինալներ նվիրաբերել Ուկրաինային կամ անորոշ ժամանակով ֆինանսավորել գոյություն ունեցող տերմինալները»,- ասվում է SpaceX-ի պետական վաճառքի հարցով տնօրենի նամակում՝ մեջբերում է CNN-ը:
SpaceX ընկերության՝ Պենտագոն ուղարկած և հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի թվում կա նաև հուլիսին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ Մասկին արված հարցումը: Փաստաթղթում խնդրում են տրամադրել մոտ 8000 Starlink տերմինալների:
Մինչ օրս SpaceX-ը շուրջ 20000 Starlink միավոր է նվիրաբերել Ուկրաինային: Իլոն Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ այդ գործողությունն իր ընկերությանն արժեցել է 80 միլիոն դոլար։ Starlink տերմինալները ապահովում են մուտքը գերարագ ինտերնետ այն վայրերում, որտեղ այն հասանելի չէ, նաև թույլ է տալիս ուկրաինական բանակին, ի թիվս այլ հնարավորությունների, համակարգել հրետանային հարվածները և վերահսկել անօդաչու սարքերը:
Հոկտեմբերի սկզբին Իլոն Մասկը Թվիթերի իր էջում գրել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկա իրավիճակի իր տեսլականը: Ամերիկացի միլիարդատերը նշել էր քայլեր, որոնք, նրա կարծիքով, կարող են նպաստել դեէսկալացիային. նոր քվեարկություն Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գրաված տարածքներում՝ ՄԱԿ-ի հսկողության ներքո, պայմանով, որ Ռուսաստանը կհեռանա, եթե դա պահանջի բնակչությունը, Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի կազմում, «ինչպես եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի երաշխավորված մատակարարումը խմելու ջրով և չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար: Ավելի ուշ գործարարը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելու մասին Ուկրաինայում տարածված լուրերը։